National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.11.2009
Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

Նոյեմբերի  16-ին  Ազգային ժողովի  հերթական քառօրյա նիստն սկսվեց չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումների հաստատումով:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված 5 օրինագծեր եւ 2 միջազգային պայմանագրեր, այնուհետեւ քննարկեցին   նախորդ նիստում ընդհատված «ՀՀ քրեական  օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին ՀՀ վերահսկիչ պալատի 2010 թ. գործունեության տարեկան ծրագիրը, որը ներկայացրեց վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նրա տեղեկացմամբ` ծրագրում ընդգրկված երեք հարցերը` ՀՀ 2009 թ.պետական բյուջեի կատարման մասին ՀՀ կառավարության հաշվետվության, ՀՀ կենտրոնական բանկի 2009 թ. տարեկան հաշվետվության  եւ պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին ՀՀ կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացությունները պարտադիր են, իսկ վերահսկողության ենթակա, ծրագրում ընդգրկված պետական մարմինների եւ վարկային ծրագրերի ընտրությունը հիմնականում պայմանավորված է  նախորդ ծրագրերում հիմնականում ընդգրկված չլինելով:  Մասնավորապես նա տեղեկացրեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի վերահսկողական ծրագրում ՀՀ մշակույթի նախարարության  հուշարձանների վերականգնման գծով պետական պատվերի հարցի կրկին ընդգրկումը պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա ստուգումների ընթացքում խախտման աղմկահարույց դեպքեր են արձանագրվել:

ԱԺ պատգամավորները իրենց ելույթներում  բարձր գնահատեցին վերջին տարիներին ՀՀ վերահսկիչ պալատի աշխատանքներում նկատվող դրական տեղաշարժը` առաջարկելով ծրագրում արձանագրել նաեւ կազմակերպությունների վերահսկման կամ ստուգման ժամկետները, ծրագրում ներառել կրթության ոլորտի վարկային ծրագրերի վերահսկողությունը, կարեւորել ոչ միայն չարաշահումների բացահայտումը, այլեւ գնահատել տրամադրված միջոցների արդյունավետ օգտագործումը:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը աշխատանքի թափանցիկության տեսանկյունից կարեւորեց  ուսումնասիրության ժամանակահատվածի արձանագրումը, ինչպես նաեւ հանդիպակաց ստուգումների իրականացման խնդրի քննարկումը եւ առաջարկեց  ծրագրում ներառել նաեւ առաջնային բուժսպասարկման կետերի եւ գիտությունների պետական կոմիտեի վերահսկողությունը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը գոհունակություն հայտնեց արդյունավետ քննարկումների եւ Ազգային ժողովի, մասնավորապես ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցված աշխատանքի համար եւ հավաստիացրեց, որ հնչած բոլոր առաջարկները կքննարկվեն եւ հաշվի կառնվեն:

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը  ներկայացրեց նախագծի համահեղինակ Գագիկ Մինասյանը: Նա տեղեկացրեց, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում բազմաթիվ ձեռնարկությունների գործունեությունը հետզհետե դառնում է ոչ շահութաբեր, իսկ որոշներն էլ արդեն անգործության են մատնված: Վերոնշյալ ձեռնարկությունների գործունեության ակտիվացման կամ վերսկսման առաջին խոչընդոտը ֆինանսական միջոցների պակասն է: Այս պայմաններում, այդ ձեռնարկությունների կողմից, լրացուցիչ ֆինանսների տրամադրումը համապատասխան աուդիտորական ուսումնասիրություն անցկացնելու նպատակով, ավելի կնվազեցնի դրանց արդյունավետ գործունեության հնարավորությունը: Օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի մեծ ակտիվներ, սակայն փոքր հասույթ ունեցող ձեռնարկություններին ազատել աուդիտորական ուսումնասիրության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերից, ինչը հնարավորություն կտա այդ ազատ ֆինանսական միջոցներն ուղղել տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը դեմ է նախագծին եւ արդեն շրջանառության մեջ դրած համանուն նախագծով  առաջարկում է տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու եւ դրանից բխող պարտադիր աուդիտ անցկացնելու պահանջը սահմանել առայժմ այն կազմակերպությունների համար, որոնց գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը` դրանով իսկ, ֆինանսական ճգնաժամի պայմաններում, ավելի փոքր կազմակերպությունների համար չառաջացնելով լրացուցիչ ֆինանսական ծախսերի անհրաժեշտություն եւս մեկ տարի:

ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Արծվիկ Մինասյանը եւ Լարիսա Ալավերդյանը իրենց ելույթներում, աուդիտը թափանցիկություն ապահովող կարեւոր գործոն համարելով, նշեցին, որ գործող օրենքն ու քննարկվող առաջարկը կապ չունեն միջազգային փորձի հետ եւ առաջարկեցին հետաձգել այն եւ հարցի հանգամանալից քննարկում կազմակերպել:

ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը նույնպես նկատեց, որ աուդիտի ինստիտուտը արդյունավետ չի գործում Հայաստանում. այդ հարցը պետք է լուծում ստանա, բայց չի կարելի նաեւ անգործության մատնված, փոքր հասույթ ունեցող կամ ընդհանրապես հասույթ չունեցող ձեռնարկություններին պարտադրել աուդիտ, որի համար նրանք վճարում են:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը արտահերթ ելույթում նկատեց, որ օրենքը ընդունելու ժամանակ պետք էր այս հարցը բարձրացնել եւ լուծում տալ. ինքը ժամանակին  առաջարկել է ակտիվներ, բայց փոքր հասույթ ունեցող ձեռնարկություններն ազատել աուդիտի պարտադրանքից: Այսօր կառավարությունը ոչ թե պետք է փակի այդ ձեռնարկությունները, այլ աջակցի, որ աշխատեն: Դրա համար պետք է վարկային ներդրումներ անել, որ նրանք շարունակեն գործել: ԱԺ նախագահի գնահատմամբ` աուդիտը պետք է լինի կամավոր, այնինչ  չնչին հասույթ ունեցող ձեռնարկությանը աուդիտ է պարտադրվում, որի համար նա պետք է վճարի: Աուդիտը պետք է նաեւ իրավական հետեւանքներ ունենա: Եթե աուդիտից հետո հարկային մարմինները հայտնաբերում են սխալ, աուդիտորական մարմինը դրա համար պետք է պատասխան տա: Եթե դա այդպես լիներ, ինքը  կհամաձայներ կառավարության հետ: Պետք է նորմալ օրենք ստեղծել, որը թույլ չտա ոտնահարել որեւէ կողմի շահը:

Պարոն Աբրահամյանն  ասաց, որ ինքը մինչեւ երկրորդ ընթերցում կներկայացնի իր առաջարկները եւ անհրաժեշտ համարեց, որ այս կարեւոր խնդրի առնչությամբ խմբակցությունները շահագրգիռ քննարկումներ անցկացնեն:

Եզրափակիչ ելույթում օրինագծի համահեղինակ Գագիկ Մինասյանը դիմեց գործընկերներին, որ մինչեւ երկրորդ ընթերցում օրինագծի վերաբերյալ գրավոր ներկայացնեն իրենց դիտողություններն ու առաջարկները:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ 2010 թթ. պետական վիճակագրական  աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին», «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի նոյեմբերի 17-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am